Հայ կինոյի մայրը…. Գալյա Նովենց։

1985 թվական, Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոն: Խորհրդային Միությունը մրցութային ցուցադրության է ներկայացրել Վ. Աբդռաշիդովի «Մոլորակների շքահանդես» եւ Ա. Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմերը: «Մեր մանկության տանգոյի» ցուցադրությունից հետո մոտ տասը րոպե դահլիճը ծափահարում է: Հայ դերասանուհին առաջին անգամ արժանանում է միջազգային ժյուրիի հատուկ մրցանակին:

Դերասանուհու առաջին դերը կինոյում Ֆրունզե Դովլաթյանի «Բարեւ, ես եմ»-ում էր՝ էպիզոդիկ, քրդուհու դերը։ Այս ֆիլմին հաջորդեցին ««Մենք ենք, մեր սարերը», «Այստեղ, խաչմերուկում», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Ո՞ւր էիր, մա´րդ աստծո», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», եւ վերջին դերը՝ զուգադիպությամբ, թե ճակատագրի բերումով նույնպես Ֆրունզե Դավլաթյանի «Կարոտ» ֆիլմում էր։ Այնուամենայնիվ դերասանուհին հետագայում կառանձնացնի Սիրանուշի դերը, /«Մեր մանկության տանգո»/ որը իրեն մեծ ճանաչում ու հանդիսատեսի շատ մեծ սեր բերեց։ Ֆիլմի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը ցանկացել էր այս դերը տալ վրացուհի դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիին։ Երբ այդ մասին հայտնում է Գալյա Նովենցին, վերջինս, որ արդեն ծանոթացել էր սցենարին ու շատ էր ուզում հենց ինքը խաղար Սիրանուշի դերը, այնպիսի էմոցիոնալ պոռթքում է ունենում, որ Ալբերտ Մկրտչյանը հիանում ու դերը տալիս է Նովենցին։ Հետագայում Գալյա Նովենցը կհիշի․ «Գիտեք ինձ ինչը շատ օգնեց, նախ ես Գյումրիում ապրել եմ, աշխատել եմ, պարզ է, այդ տարիների ընթացքում շփվել եմ շատ տարբեր խավերի կանանց հետ։ Ամեն մի դրվագում, ես կարծես․․․պատահական անուններ եմ տալիս տեսնում է Հասմիկին, մյուսում՝ Սուսանին․․․ Սա ոնցվոր Գյումրվա հավաքական կերպար լիներ, շատ համով, կոլորիտով»։ Իսկ Սոֆիկո Ճիաուրելին «Մեր մանկության տանգոն» կինոնկարը դիտելուց հետո ասել է. «Այսուհետեւ հայ կինոն իմ կարիքը չի զգա, իսկ վրաց կինոն իր ֆիլմերում նկարահանվելու համար կհրավիրի Գալյա Նովենցին»:

Հատված ֆիլմից,
Մեր մանկության տանգոն

https://youtu.be/Cs4rZvQK3FM

Վենետիկի համաշխարհային 42-րդ կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակը շնորհելիս այսպես բնութագրեցին նրա արվեստը. «Ֆիլմում գերիշխողը դերասանուհի Գալյա Նովենցն է, Աննա Մանյանիի խիստ արևելյան տեսակը»:

Ոչ մի կասկած չկար, որ Սիրանույշով սկսվելու է մի նոր վերընթաց շրջափուլ Նովենցի էկրանային կյանքում: Ավաղ, անցյալ դարի 90-ականների հեղաբեկումնային իրադարձությունների համընդհանուր փլուզման ուժգին թափին անկարող եղավ դիմագրավել նաև հայրենական կինոարտադրությունը (հոգեվարք, որ շարունակվում է մինչ օրս, տխրասարսուռ արտահայտություն ստանում «Հայֆիլմ» կինոստուդիայի աճուրդի ազգադավ վայրիվերումներում):

Նա ծնվել էր Երևանում՝ ստալինյան սարսափներով լեցուն 1937 թվականին, հուլիսի 1-ին։  2012 թվականի հուլիսի 22-ին բոլորիս ցնցեց  մահվան բոթը՝  75 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Գալյա Նովենցը։ Թատրոնում վերջին դերը խաղաց  նույն թվականի հունիսին՝ «Տարօրինակ միսիս Սեվիջը» բեմադրության մեջ։

1 thoughts on “Հայ կինոյի մայրը…. Գալյա Նովենց։

Add yours

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы